ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Արևելյան գործընկերություն». քաղաքական ծրագիր և ինտրիգ

«Արևելյան գործընկերություն». քաղաքական ծրագիր և ինտրիգ
29.05.2009 | 00:00

ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԾՐՈՒՄ
Շվեդիայի և Լեհաստանի նախաձեռնությունը Եվրամիության և Արևելյան Եվրոպայի 6 երկրների (ՈՒկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս) միջև որոշակի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ձևավորման ուղղությամբ հայտնվել է եվրոպական, ամերիկյան և ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հազվագյուտ թերթեր կամ ինտերնետ կայքեր պարտք չհամարեցին մի երկու հոդված տպագրել այս թեմայով։ Նյութերի առատությունն ապշեցնում է, բայց միաժամանակ զարմացնում է այն, որ, ըստ էության, գոյություն չունի որևէ բանավեճ, այլ ուղղակի տրվում են մեկնաբանություններ` շատ սահմանափակ և ստանդարտ սխեմայով։ Մեկնաբանվում է, որ այդ նախագիծը սահմանափակ է իր ձևաչափում, արևելաեվրոպական երկրները կստանան նվազագույնն այն ամենի, ինչ երազում են, որ Ռուսաստանը գրգռված է այս նախաձեռնությունից, իսկ եվրոպական առաջատար պետությունների ղեկավարներից միայն Անգելա Մերկելը ներկա գտնվեց մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովին և համապատասխան փաստաթղթի ստորագրմանը։ Հավանաբար համարվում է, թե այս սահմանափակ տեղեկատվությունը բավարար է այս իրադարձության էությունը հասկանալու համար։
Հարկ է նշել, որ նախկինում հենց Ֆրանսիան և հատկապես Գերմանիան էին շահագրգռված որոշակի լայն առումով եվրոպական քաղաքական տարածության ձևավորմամբ, որը կներառեր արևելաեվրոպական պետությունները, իսկ ավելի ճիշտ` հետխորհրդային հանրապետությունները և կունենար Եվրամիության ընդլայնումը սահմանափակելու նպատակ։ Ֆրանսիան ընդհանրապես հատուկ հետաքրքրություն չունի Արևելյան Եվրոպայում, որը դարձել է մրցակցային պայքարի դաշտ Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև։ Մեծ Բրիտանիայի խնդիրն է շրջափակել Գերմանիայի աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական ծրագրերն Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում։ Իսկ Գերմանիան այդ տարածությունը` ներառյալ Ռուսաստանը, դիտարկում է իբրև իր առաջնային ներկայության գոտի։ Մեծ Բրիտանիային հաջողվել է Ռուսաստանում ձևավորել հակագերմանական կուսակցություն, որի մեջ ընդգրկված են բոլորովին էլ ոչ ատլանտիզմի նվիրյալներ, այլ ռուսական մեծապետականության ու ազգայնականության շատ կողմնակիցներ։ Ռուսաստանում Գերմանիայի հետ դաշինք կազմելու օգտին հանդես են գալիս ակնհայտ և թաքնված եվրասիական կողմնորոշման կրողները, որոնց աջակցում է մոսկովյան ներկա քաղաքական ղեկավարությունը։
Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը հասկանում էին, որ Արևելյան Եվրոպայում ընթանում է առաջանցիկ պայքար, և արևելաեվրոպական քաղաքականությունն օվկիանոսյան տերությունների համար ուղղված է ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի, այլև ֆրանս-գերմանական դաշինքի ու նրանց ավելի աննշան դաշնակիցների։ «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունն ընդհանուր հայտարարն էր բոլոր նախորդ նախաձեռնությունների` «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման, ամեն տեսակի հնարավոր ցնցումների ու հակամարտությունների։ Փորձ է արվում ստեղծել պետությունների հուսալի ու լեգիտիմ միավորում, որը կտարաբաժանի Ռուսաստանն ու Արևմտյան Եվրոպան, ինչը շարունակությունն է ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդարձակման ծրագրի` արևելյան ու հարավ-արևելյան ուղղությամբ։ Դրա արդյունքում Եվրամիությունն էապես ամերիկանացվում ու բրիտանացվում է։ Խաղագումարը շատ մեծ է, քանի որ դրված է ատլանտիզմի հետագա գոյության, նրա բովանդակության ու առաջնահերթությունների հարցը։ Եվ այսպես, ի՞նչ կարելի է ակնկալել «Արևելյան գործընկերության» նախագծի իրականացումից։
Ամենից առաջ հարկ է ընդգծել, որ արևելաեվրոպական պետություններն իրենք առանձին էնտուզիազմով չեն վերաբերվում այս նախագծին, որը, ըստ էության, անորոշ ժամանակով հեռացնում է նրանց Եվրամիության հետ իրական ինտեգրացիայից։ Հռչակագրային մակարդակով անգամ պարզ չեն նվազագույն հույսի սահմանները, ամենից առաջ վիզային ռեժիմի վերանայման կամ վերացման հնարավորությունը, ինչպես նաև եվրոպական շուկայում ընդգրկվելու հավանականությունը, արդարացված չեն ներդրումային սպասելիքները ևս։ Առայժմ, բացի Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելու հեռանկարից և արևմտաեվրոպական պետությունների մեծամասնության կողմից ըմբռնման բացակայությունից, չկա այլ բան, որ հնարավոր լիներ բնորոշել իբրև համագործակցության ու ինտեգրացիայի նոր փուլ։ ՈՒկրաինան ու Վրաստանը մեկ անգամ էլ ավելի քան համոզիչ ազդակ ստացան այն մասին, որ իզուր են Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում հատուկ իրավունքներ ստանալու հույսերը` չխոսելով արդեն Եվրամիություն ընդգրկվելու մասին։ Մոլդովան զգալով, որ սա ուժեղ նախաձեռնություն է և հաշվարկված է իր պետականության փլուզման ուղղությամբ, մեծ զգուշավորությամբ վերաբերվեց «Արևելյան գործընկերության» նախաձեռնությանը։ Ադրբեջանը հասկացավ, որ սա հերթական կիսատ-պռատ նախագիծն է և ոչինչ չի տալու իրեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առումով։ Քիչ թե շատ չեզոք դրական իրավիճակում հայտնվեցին միայն Բելառուսն ու Հայաստանը, որոնք ունեին Եվրատլանտյան կառույցների հետ հարաբերությունների որոշակի «դեֆիցիտ»։ Բայց բոլոր առավելություններն ու վնասները բավականին տխմար են թվում, և դա հասկանում են նույնիսկ արևելաեվրոպական երկրների արդի էլիտաները, որոնք ենթակա են ծայրահեղ պարզունակացման։ Իրականում գոյություն ունի բավական հակասական և նույնիսկ սկանդալային խնդիր կամ խնդիրների կոմպլեքս, որը պատրաստվում են լուծել ազդեցության և քաղաքական ծրագրավորման համաշխարհային կենտրոնները, ուստի փորձենք նախանշել այս գործընթացի հիմնական բովանդակային առանձնահատկությունները։
Չնայած «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության ատլանտիստական բնույթին, այս նախագիծը, այնուհանդերձ, եվրոպական է և կապված է Եվրամիության հետ, ինչը չի կարող համաձայնեցված չլինել մայրցամաքային-եվրոպական ուժային կենտրոնների հետ։ Ֆրանս-գերմանական քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում, ըստ էության, չի հակասում որոշակի ընդհանուր «դաշտի» ձևավորման գաղափարին, դրա քննարկումներին և տարբեր աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական գաղափարների առաջքաշմանը։ Այսինքն` իր ձևի մեջ այս նախագիծը միանգամայն համադրվում է եվրոպական խնդիրների հետ, սակայն առաջարկվող բովանդակությամբ երբեք չի կարող ձեռնտու լինել արևմտաեվրոպական քաղաքական գործիչներին։ Եթե դրան ավելացնենք Ռուսաստանի` բառացիորեն կատաղի արձագանքը և նրա պահանջները ոչ միայն Արևմուտքից, այլև արևելաեվրոպական երկրներից, ապա ստացվում է, որ «Արևելյան գործընկերությունը» շատ վտանգավոր նախագիծ է և բովանդակում է հակադիր ռազմավարական նախաձեռնություններն ուժեղացնող նոր սպառնալիքներ։
Բնութագրական է, որ նախագծի բուն անվանումն արդեն իսկ ունի որոշակի աշխարհագրական նշանակություն և վերացական չէ, ինչպես ՎՈՒԱՄ-ը, այլ կոչվում է հենց «Արևելյան Եվրոպա»։ Դրանով իսկ նախանշվում են այս միավորման պոտենցիալ անդամ պետությունների տեղը, դերը և գործառույթը, որոնք պետք է ենթարկվեն որոշակի կանոնների և հետևեն որոշակի խնդիրների։ Միանգամայն ակնհայտ է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետություններին առաջարկվում են ոչ միայն խաղի կանոններ, այլև զարգացման մակարդակի և արևմտյան հանրության հետ ինտեգրացվելու առումով ստանդարտներ։ Այսինքն` այս պետություններն ընդգրկվելու են սահմանափակ արդյունաբերական զարգացման որոշակի մոդելի շրջանակներում, ուր գերակայում են ագրարային և հումքային սեկտորները։ Գլխավոր գործառույթ է հանդիսանում, իհարկե, նավթի ու գազի արդյունահանումն ու տեղափոխումը, առանց որի անհնարին կլիներ ամբողջական քաղաքական-կոմունիկացիոն տարածություն ստեղծելու գաղափարն ինքնին։ Նախաձեռնվում է որոշակի տրանզիտային-սերվիսային քաղաքակրթության արագացված կառուցման քաղաքականություն, որը բացարձակապես չի տեղավորվում պոստմոդեռնիզմի խնդիրների շրջանակում։ Ողջունելի է համարվելու սոցիալական և գաղափարախոսական արխաիզմը, իսկ ունիվերսալ ժողովրդավարության փոխարեն կիրառվելու է բուրժուական դիկտատուրաների մոդելը` պառլամենտարիզմի և մնացյալ ամբողջ քողի պահպանմամբ, իբրև կեղծ դեմոկրատիայի ատրիբուտներ։
Արևելյան Եվրոպայի քաղաքական-կոմունիկացիոն կարգավիճակը նոր բովանդակություն է ձեռք բերում` բնավ չսահմանափակվելով էներգառեսուրսների մատակարարման խնդիրներով։ Այն ամենը, ինչի հույսը կարող էին ունենալ արևելաեվրոպական պետություններն էներգետիկ տրանզիտի մաս կազմելով, այլևս սպառել է իրեն, քանի որ կովկասյան-կասպիական էներգակոմունիկացիոն համալիրի ձևավորումն ընդհանուր առմամբ ավարտված է։ ԱՄՆ-ին ամենից առաջ հետաքրքրում է ռազմական տրանզիտը, և Սև ծովի տարածաշրջանն ամերիկացիները դիտարկում են իբրև Եվրասիայի խորքում այս կամ այն գործողությունների իրականացման սկզբունքային խոչընդոտները վերացնելու միակ հնարավորություն։ Միանգամայն ակնհայտ է, որ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը կոչված է ապահովելու ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը Եվրասիայի խորքում գտնվող տարածաշրջաններում, ինչը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին ու ֆրանս-գերմանական դաշինքին։ Անկասկած է, որ ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրոպայի գլխավոր խնդիրն է «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում վերահսկել և պլանավորել արդի քաղաքական ու տնտեսական էլիտաների ստեղծումը, որոնք հանդես են գալիս բացառապես իբրև կոմպրադորական խմբավորումներ և կատարում են որոշակի սերվիսային գործառույթներ։ Խնդիրն այն է, որ Արևելյան Եվրոպայի էլիտաները, տնտեսության ոլորտում և ներքին սոցիալ-քաղաքական իրավիճակի ամրապնդման առումով որոշակի հաջողությունների հասնելով, գործնականում դուրս են եկել վերահսկողությունից, պաշտպանում են իրենց խմբակային ու անձնական շահերը և գրեթե անտեսում Արևմուտքի կարծիքը։ Ներկա համաշխարհային ճգնաժամը, սակայն, կոտրեց այդ էլիտաների թափը, և հիմա նրանք շատ ավելի ենթակա են ազդեցության, քանզի տնտեսական աջակցություն ստանալու հույսեր ունեն։ Այդ իսկ պատճառով հենց ճգնաժամային փուլն է ավելի հարմար գնահատվել այս նախագծի իրագործման համար։ Հետաքրքիր է և այն, որ Պրահայում տեղի ունեցած գագաթաժողովում վերոնշյալ 6 պետությունների առաջնորդներից կամ ներկայացուցիչներից ոչ մեկը նույնիսկ չփորձեց ավելի շատ իրավունքներ պահանջել և համաձայնեց այն ամենին, ինչ առաջարկվեց։
Ֆրանսիան, Գերմանիան և եվրոպական այլ պետություններ որպես վտանգ են դիտարկում այն, որ հավանական է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ներքաշումը Ռուսաստանի և արևելաեվրոպական պետությունների միջև հնարավոր ռազմական հակամարտությունների մեջ։ Եվրոպացիների համար դա ավելի զգալի և իրական վտանգ է, քան նույնիսկ Ռուսաստանի։ Ներկայումս, չնայած Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի միջև քիչ թե շատ համաձայնեցված հարաբերություններին` ռուս-վրացական վերջին հակամարտության շուրջ և անվտանգության առումով այն համակարգային հարաբերությունների, որոնք կարող էին բացառել շահերի բախումը, այդպիսի համաձայնություն գոյություն չունի։ Եվրոպական անվտանգության հասկացությունը մնում է բարի ցանկություն, և կոնֆլիկտայնությունն Արևելյան Եվրոպայում ակնհայտ է։ Հարկ է ընդգծել, որ չնայած Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում Մեծ Բրիտանիայի հատուկ դերին ու շահերին, Լոնդոնը երբեք էլ էնտուզիազմով չի վերաբերվել արևելաեվրոպական պետությունների` ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ դառնալու խնդրին։ Բրիտանացիները հիանալի հասկանում են վտանգների իրական լինելն այս տարածաշրջանում, բայց իրենց մտահոգություններն արտահայտելու հարցում չեն շտապում առաջ ընկնել Ֆրանսիայից ու Գերմանիայից։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության համար Արևելյան Եվրոպայում առաջնահերթ խնդիրներից է «ուկրաինական նախագիծը», որը, ամենայն հավանականությամբ, ներառում է մի քանի տարբերակներ` սկսած ՈՒկրաինայի պետական-տարածքային ամբողջականության պահպանումից, մինչև նրա տարաբաժանումն իբրև էթնիկ տեսանկյունից ոչ միատարր պետական կազմավորում։ ՈՒկրաինայի խնդրի հետ կապված` Արևմուտքում տեսանելի է որոշակի համախմբում օվկիանոսյան և մայրցամաքային պետությունների միջև, և այն իր մեջ ներառում է երկիրը ոչ արդյունաբերական դարձնելու հետաքրքրությունները` ամենից առաջ ածխա-քիմիա-մետալուրգիական կոմպլեքսի լիովին ոչնչացման ճանապարհով։ Ինչպես նաև Եվրոպայի կախվածության վերացում ուկրաինական էներգետիկ կոմունիկացիաներից։ Ընդհանուր առմամբ, արևմտյան հանրությունը նպատակ ունի նվազեցնել տնտեսության էներգատարությունը` զգալիորեն նվազեցնելով նաև արևելաեվրոպական պետությունների կողմից էներգառեսուրսների օգտագործումը։ Միանգամայն հավանական է, որ ՈՒկրաինան կդառնա «Արևելյան գործընկերություն» նախագծի գլխավոր պրոբլեմը, որի շուրջ էլ տեղի կունենան հիմնական իրադարձությունները։ ՈՒկրաինական գործընթացներին ուշադիր հետևելու դեպքում կարելի է հասկանալ, որ Արևմուտքը Ռուսաստանից սպասում է ավելին, քան նա կարող է առաջարկել ՈՒկրաինայի տարաբաժանման նախագծի շրջանակներում։ Արևմուտքը հույս ունի ՈՒկրաինայի կազմից «դուրս շպրտել» անհարմար տարածաշրջանները հենց Ռուսաստանի օգնությամբ, որը շարունակում է չըմբռնել եվրոպացիների ու ամերիկացիների այդ շահը։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար բացարձակ հետաքրքրություն չեն ներկայացնում ՈՒկրաինայի հարավարևելյան տարածաշրջանները, նրանց հետաքրքրում են Ղրիմը, Սև ծովի առափնյա մասը։ Սակայն ամերիկացիներն ու եվրոպացիներն իրենց բավարարված ու թեթևացած կզգային` տեսնելով 35-40 տոկոս նվազեցված տարածքով նոր պետություն Արևելյան Եվրոպայում, ուր գերիշխում է կաթոլիկությունը ոչ միայն իբրև կրոն, այլև սոցիալ-մշակութային ու քաղաքական գործոն։ ՈՒկրաինայի պրոբլեմը կարող է ցնցել «Արևելյան գործընկերության» ողջ նախագիծը և ավելին` Ռուսաստանի կողմից կոշտ հակադրության քայլեր առաջացնել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։
«Արևելյան գործընկերությունը» դարձել է շատ անցանկալի և վիրավորական ձևաչափ Վրաստանի համար, որը երկար ժամանակ իրեն համարում էր Արևմուտքի ֆավորիտը և հիմա ստիպված է իրեն իբրև հավասար դիտարկել արևմտյան հանրության հետ ինտեգրացվել ցանկացող մյուս «կասկածելի» հավակնորդներին։ Վրաստանը, հայտնվելով իր համար կանխավ վնասակար այս նախագծում, սկսեց այլ կերպ դիտարկել Հարավային Կովկասի իր հարևաններին և արևելաեվրոպական այլ պետություններին, հասկանալով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի, իսկ ավելի շուտ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև «միջանցք» լինելու իր կացության մեջ անհրաժեշտ է ձեռք բերել այլ գործընկերներ և ամենից առաջ Հայաստանին։ Այդ պատճառով էլ Հայաստանը ձեռք է բերում նոր, պարտադրված գործընկերոջ տարածաշրջանում, որի հետ միասին հայտնվել է միջազգային առումով «լեգիտիմ» «Արևելյան գործընկերություն» նախագծում։
Անկասկած, ենթադրվում է, որ այս նախաձեռնության շրջանակներում կհաջողվի հաղթահարել անցանկալի պահերը, անհասունությունը, չավարտվածությունն ու հակասությունները, որոնք բնութագրական էին բարեհաջող կերպով վախճանված ՎՈՒԱՄ-ի համար։ Հավանաբար, «Արևելյան գործընկերության» ծրագրավորողներին անհրաժեշտ է եղել անպայման ընդլայնել մասնակիցների շրջանակը, որպեսզի զուգահեռներ չանցկացվեն նախատիպի, այսինքն` ՎՈՒԱՄ-ի հետ։ Բելառուսի և Հայաստանի մասնակցությունը կարծես նոր որակի սերտիֆիկատ է, որը բնութագրում է «Արևելյան գործընկերության» նոր բովանդակությունը։ Նախաձեռնողներն ու ծրագրավորողները Բելառուսին ընդգրկեցին առանց հատուկ խոչընդոտների, իսկ Հայաստանը ծրագրի մեջ հայտնվեց չափազանց հանգիստ, չնայած ժողովրդավարության խախտումների հետ կապված բազմաթիվ վերապահություններին։ Այդպիսով, Հայաստանի համար ստեղծվել է բոլորովին էլ ոչ պարզ իրավիճակ, և, իհարկե, ապագայում հարկ կլինի մեծացնել ջանքերը` 2-3 «բևեռների» և ուժային կենտրոնների միջև խուսանավելու առումով։ Միաժամանակ կմեծանա Ռուսաստանի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ, և կարճ ժամանակ հետո կհաջողվի հայ-ռուսական հարաբերություններում մշակել համաձայնեցված քաղաքականություն։ Ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան քաղաքական կամ տնտեսական ռեսուրսներին տիրապետելուց, ինչպես նաև ժողովրդավարության վիճակից, այլ նրանից, թե ինչպիսին են հայկական առաջնորդների քաղաքական հավակնությունները։ Եթե Հայաստանը նախընտրի ինչպես միշտ մնալ պասիվ դիրքում և ընդամենն արձագանքել արտաքին մարտահրավերներին ու առաջարկություններին, ապա շուտով կհայտնվի երկու կրակի արանքում` հնարավորություն չունենալով որևէ բան ձեռք բերել տնտեսության կամ անվտանգության ոլորտում։ Այսպիսի հակասական նախագծի շրջանակներում միայն ամենաալարկոտը չի փորձի առաջ քաշել նախաձեռնություններ, աշխատել զբաղեցնել իր տեղն ու ձեռք բերել նոր դերակատարություն տվյալ աշխարհաքաղաքական կառուցվածքում։ Հայաստանը, բազմաթիվ սպեցիֆիկ պրոբլեմներով հանդերձ, այնուամենայնիվ, չունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք բնութագրական են «Արևելյան գործընկերության» գործնականում բոլոր մյուս մասնակից պետությունների համար։ Լավ կլիներ արխայիզմից և արտաքին քաղաքականության վնասակար կոմպլեմենտարությունից անցնել ակտիվ նախաձեռնությունների և սեփական մարտահրավերների։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2688

Մեկնաբանություններ